Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ռուբեն Հովհաննեսյանի հիշատակի միջոցառում

Ռուբեն Հովհաննեսյանի հիշատակի միջոցառում

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱՆ ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարում տեղի ունեցավ «Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի» (այսուհետ՝ ԲՍՀՀ) 15-րդ համարի շնորհանդեսը։ Ի սկզբանե հանդեսի համար ընտրվել էր բոլորովին այլ թեմա։ Ցավոք սրտի ամեն ինչ գլխիվայր շրջվեց և հանդեսի այս համարը ամբողջությամբ նվիրվում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲՍՀՀ գլխավոր խմբագիր, Գիտաբժշկական գրադարանի լավագույն բարեկամ ու խորհրդատու Ռուբեն Անդրանիկի Հովհաննեսյանի հիշատակին։


Միջոցառմանը մասնակցում էին Ռ. Հովհաննեսյանի մտերիմները, գործընկերները, հարազատները, աշակերտները։

Մեծ է Ռուբեն Հովհաննեսյանի ներդրումը Հայաստանի բժշկագիտության զարգացման գործում։ Նա առողջապահության հմուտ կազմակերպիչ էր, գիտնական, մանկավարժ, միաժամանակ առաջադեմ մտավորական էր և լուսավորիչ։ Եվ պատահական չէր, որ հենց Ռ. Հովհաննեսյանի մոտ ծնվեց ապացուցողական բժշկության սկզբունքներով նոր տեսակի հանդեսի հրապարակման գաղափարը։ Հանդեսի նպատակն էր տարածել բժշկության մեջ նոր, առաջադիմական, ապացույցների վրա հիմնված բժշկության սկզբունքները, գաղափարները, միջազգային ցուցումներն ու  փաստաթղթերը։


Յուրաքանչյուր նորություն միանշանակ և հեշտ չի ընդունվում հանրության կողմից։ Սակայն «Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի» դեպքն այլ էր։ Այն հրատարակվում էր հայերեն և ռուսերեն լեզուներով և տրամադրվում ոչ միայն Հայաստանի մասնագետներին և ընթերցողներին, այլ նաև ՌԴ և ԱՊՀ մասնագետներին (նաև՝ գրադարաններին)։

 

Ռուբեն Հովհաննեսյան


Ի տարբերություն հայ և մի փոքր էլ անտարբեր ընթերցողի, շատ ավելի ոգևորիչ էին արտերկրի մասնագետների կարծիքները, որոնք ստացվում էին՝ առանց բացառության, յուրաքանչյուր համարի հրապարակումից հետո։


ԲՍՀՀ  յուրաքանչյուր համարում տպագրվում էր նաև գլխավոր խմբագրի` Ռ. Հովհաննեսյանի հոդվածները, որոնցում նա անաչառ և սկզբունքային մոտեցմամբ վերլուծում և մասնագետների դատին էր ներկայացնում  հայրենական բժշկագիտության գոյություն ունեցող թերությունները, խնդիրները, և որ ամենակարևորն է, ցույց էր տալիս դրանց լուծման եղանակները։ Նա համոզված էր, որ ապացուցողական բժշկության ներդրումը կպահանջի արմատական փոփոխություններ բժշկության բոլոր ոլորտներում՝ սկսած ուսուցումից, վերջացրած կառավարումով։ Իսկ ապացուցողական բժշկության փորձառությանը հետևելու պարագայում բժշկական ծառայություններն ավելի օգտակար և արդյունավետ կլինեն բնակչության ամենատարբեր խմբերին։


Այս տարիների ընթացքում պրոֆեսոր Ռ. Հովհաննեսյանը ոչ միայն իր մտքերով ու ցանկություններով է ներկայացել   հանդեսի համարներում,  այլ նաև տարաբնույթ միջոցառումների, ուսուցողական դասընթացների, գիտաժողովների, քննարկումների  ընթացքում ունկնդրին հասանելի է դարձրել բժշկագիտության նորություններն ու փորձը։ Ու թեև նրա այսքան տարիների ջանքերը ապացուցողական բժշկության ներդրման հարցում գործնականորեն այնքան էլ սպասված արդյունք չեն արձանագրել, սակայն վստահորեն կարող ենք փաստել, որ Ռուբեն Հովհաննեսյանը հանդիսանում է  ապացուցողական բժշկության ներդնողը հայ բժշկագիտության բնագավառում:


Համոզված ենք, որ պրոֆեսոր Հովհաննեսյանը կմնա իր գործընկերների, բարեկամների և աշակերտների հիշողության մեջ որպես վառ, ստեղծագործ անհատականություն, հազվագյուտ էրուդիցիայի տեր անձնավորություն, խորաթափանց գիտնական, գիտական բարեխղճության օրինակ և նվիրյալ ուսուցիչ, ով իր ամբողջ գիտակցական կյանքը անմնացորդ նվիրեց բժշկագիտությանը և որ ամենակարևորն է բարձր պահեց Մարդ լինելու կոչումը։ Եվ մեր պարտքն է ոչ միայն հիշել, այլև արժանի մարդու մասին հիշողությունը հասցնել գալիք սերունդներին։

ԲՍՀՀ 15-րդ համարում մեկտեղված են պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանի հոդվածները, որոնք գրվել և հրատարակվել են ԲՍՀՀ տարբեր համարներում։  

ԲՍՀՀ գլխավոր խմբագրի տեղակալ
Աննա Շիրինյան

 

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ